ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Ինչ պետք է անել այստեղ տարածաշրջանային մեծ պատերազմից խուսափելու համար, և ում ձեռքում է խնդրի լուծման բանալին-4

Ինչ պետք է անել այստեղ տարածաշրջանային մեծ պատերազմից խուսափելու համար, և ում ձեռքում է խնդրի լուծման բանալին-4
03.08.2023 | 10:12

(սկիզբը՝ այստեղ)

Ստորև ներկայացնում եմ Քաշաթաղի կամ Բերձորի (Լաչինի) միջանցքը վերաբացելու թերևս միակ իրատեսական տարբերակը:

2022 թ․ դեկտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետությունը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան (Հաագա) Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով միջանկյալ միջոց կիրառելու և դրանով Ադրբեջանին Լաչինի միջանցքի շրջափակումը դադարեցնելու, միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների, բեռների անխափան և ազատ տեղաշարժն ապահովելու, ինչպես նաև էներգիայի մատակարարումն անհապաղ վերականգնելու պահանջ ներկայացնելու համար:

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը (ԱՄԴ, Աշխարհի Դատարան) 2023 թ. փետրվարի 22-ի որոշմամբ մասնակիորեն բավարարել է Հայաստանի պահանջը և Ադրբեջանին պարտավորեցրել է «նախքան գործով վերջնական վճռի կայացումը, ձեռնարկել բոլոր գործողությունները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով՝ երկու ուղղություններով»։

Չնայած ՄԱԿ-ի կանոնադրության հոդված 94-ի կետ 1-ի համաձայն՝ «Միավորված ազգերի կազմակերպության յուրաքանչյուր անդամ պարտավորվում է կատարել Միջազգային դատարանի վճիռներն այն գործերով, որոնց մասնակից է հանդիսանում», Ադրբեջանն առ այսօր, ՄԱԿ-ի կանոնադրության խախտմամբ, անտեսել ու չի կատարել հրապարակման պահից պարտադիր կատարման ենթակա ԱՄԴ-ի վերոնշյալ որոշումը: Ադրբեջանն իրեն վեր դասելով միջազգային իրավունքից և օգտվելով անպատժելիության ստեղծված իրավիճակից, շարունակում է անտեսել ԱՄԴ-ի հիշյալ որոշումը՝ այդպիսով անարգելով ինչպես տվյալ որոշումը, այնպես էլ Աշխարհի Դատարանի բարձր հեղինակությունը:

Ադրբեջանի վերոնշյալ անպատժելի վարքագիծը լրջագույն մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի խաղաղության, այլև միջազգային ողջ համայնքի համար։ ԱՄԴ- ի վերոնշյալ որոշման հրապարակումից անցել է շուրջ կես տարի, սակայն Ադրբեջանն ինչպես անցյալում, այս պահի դրությամբ էլ շարունակում է Բերձորի (Լաչինի) միջանցքի ամբողջական շրջափակումը, ինչի հետևանքով Արցախում ապրող մարդիկ շարունակում են ենթարկվել զրկանքների և տառապանքների, բախվել մարդու իրավունքների համատարած խախտումների:

ԱՄԴ-ն 2023 թ. հուլիսի 6- ին կայացրել է նույն խնդրով դարձյալ պարտադիր իրավաբանական ուժ ունեցող երկրորդ որոշումը, որով միաձայն վերահաստատել է 2023 թ. փետրվարի 22-ի իր որոշումը՝ կրկին պարտավորեցնելով Ադրբեջանին, մինչև գործի վերաբերյալ վերջնական վճռի կայացումը, Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին համապատասխան, «ձեռնարկել իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով»:

2023 թ. հուլիսի 6-ի որոշմամբ ԱՄԴ-ն միաձայն հաստատել է, որ 2023 թ․ փետրվարի 22-ի իր որոշումը «առանց սահմանափակման կիրառելի է» Ադրբեջանի կողմից տեղադրված անցակետի նկատմամբ, և որ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի առկայությունն ու շահագործումն իրավամբ ռասայական խտրականություն է:

Դատարանը համարել է, որ «կողմերի միջև լարված իրավիճակը հաստատում է սույն որոշման արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը», որն ընդունվել է կանխելու էթնիկ հայերի՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայով պաշտպանվող իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգը, և որը միտումնավոր անտեսվել և մինչ օրս անտեսվում է Ադրբեջանի կողմից։

Աշխարհի Դատարանի հուլիսի 6-ի որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԱՄԴ- ի փետրվարի 22-ի որոշման կատարման վերաբերյալ Ադրբեջանի պնդումները կեղծ էին և մանիպուլյատիվ:

Աշխարհի Դատարանի 2023 թ. փետրվարի 22- ի և հուլիսի 6-ի որոշումների չկատարման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ (ԱԽ) դիմելու իրավասություն, ԱԽ-ի մշտական անդամներից բացի, ունի միայն ՄԱԿ-ի անդամ և ԱՄԴ-ին ներկայացված գործի (վեճի) կողմ հանդիսացող պետությունը (տվյալ դեպքում՝ Հայաստանը):

Թեև ՄԱԿ-ի կանոնադրության հոդված 94-ի կետ 2-ի համաձայն՝ եթե գործի մասնակից կողմը թերանում է իրականացնել ԱՄԴ-ի կայացրած վճռով իր վրա դրված պարտականությունները, մյուսկողմը կարող է դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ին, որն անհրաժեշտ համարելու դեպքում կարող է հանձնարարականներ տալ կամ որոշել այն միջոցառումները, որոնց հարկավոր է դիմել դատարանի վճիռն ի կատար ածելու համար, սակայն Հայաստանը, որպես ՄԱԿ-ի անդամ պետություն և տվյալվեճիկողմ, առ այսօր չի դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ ԱՄԴ-ի 2023 թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի վերոնշյալ որոշումների կատարումն ապահովելու խնդրով:

Չի դիմել՝ չնայած Հայաստանի կառավարության 2023 թ. հունիսի 22-ի նիստի օրակարգային հարցերի քննարկումից առաջ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող, Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլի այն հայտարարությանը, որ «Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը պետք է կատարվի, և սա միջազգային օրակարգի հարց է, ներառյալ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հարց, որովհետև հենց այս մարմինն է լիազորված ապահովելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարումը»:

Հայաստանից ՄԱԿ- ի ԱԽ-ին դիմելու իրավասություն ունեն միայն Նիկոլը կամ Հայաստանի կառավարության որոշմամբ արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնողը, Նիկոլը խորամանկորեն ու չարամտորեն չի դիմում: Նրա գլխավորած կառավարությունը նույնպես խորամանկորեն ու չարամտորեն չի կայացնում համապատասխան որոշում, որի ուժով արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնողը ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելու իրավասություն և պարտականություն կունենա:

Նիկոլի և նրա իշխանության հանցավոր գործելաոճը հետևյալն է. հանրությանը խաբելու, մոլորեցնելու նպատակով, կեղծ տպավորություն, երևութականություն ստեղծել, թե կատարում են անհրաժեշտ քայլերը, պայքարում Բերձորի (Լաչինի) միջանցքը վերաբացելու, Արցախում բնակվողների իրավունքները և անվտանգությունն ապահովելու, նրանց սովահարությունից և այդպիսով ցեղասպանությունից փրկելու համար, բայց իրականում չկատարել այնպիսի քայլեր, որոնք կապահովեն անհրաժեշտ արդյունքը:

Հենց վերոնշյալ շարքից է Արդարադատության միջազգային դատարան դիմելը՝ միջանկյալ միջոց կիրառելու և դրանով Ադրբեջանին Լաչինի միջանցքի շրջափակումը դադարեցնելու, միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների, բեռների անխափան և ազատ տեղաշարժն ապահովելու, ինչպես նաև էներգիայի մատակարարումն անհապաղ վերականգնելու պահանջ ներկայացնելու համար, ամենայն հավանականությամբ, նախապես շատ լավ իմանալով, որ Ադրբեջանը չի կատարելու ԱՄԴ-ի որոշումը, որը կայացնելիս նույնը թերևս իմացել է նաև «Աշխարհի Դատարան» կոչվածը:

Խնդրի նրբությունը հետևյալն է. թեև ԱՄԴ- ի որոշումը պարտադիր կատարման ենթակա է, սակայն Աշխարհի Դատարանը գործնականում չունի որևէ հնարավորություն՝ իր որոշման, դրանում նշված պահանջների կատարումը պարտադրելու այն պետությանը, որի նկատմամբ այն ընդունել է: ԱՄԴ- ի որոշման կատարումը համապատասխան պետությանը (տվյալ պարագայում՝ Ադրբեջանի) պարտադրելու հնարավորություն աշխարհում ունի միայն ՄԱԿ- ի ԱԽ-ն՝ սկսած տնտեսական պատժամիջոցներից, մինչև զինուժի կիրառում, ռազմական միջամտություն:

Հենց այս ամենը շատ լավ իմանալով է, որ Ալիևի հանցակից Նիկոլը և նրա գլխավորած կառավարությունը չեն դիմում ՄԱԿ- ի ԱԽ- ին, որովհետև Նիկոլը հայտարարել է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, համապատասխան խոստում է տվել Ալիևին (կարելի է ենթադրել, թե ինչի դիմաց…), և քանի որ Արցախը չի հանձնվում, Ադրբեջանն էլ Արցախի ամբողջական շրջափակմամբ այժմ փորձում է նրա բնակչությանը խեղդելով ստիպել, որ հանձնվի, համաձայնվի Արցախի Հանրապետությանը վերջակետ դնելու իր պահանջին, Նիկոլը, նրա գլխավորած կառավարությունը չեն կատարում այնպիսի քայլ, որը կխոչընդոտի Ալիևի նպատակի իրականացմանը:

Նիկոլի կամ Հայաստանի կառավարության որոշմամբ արտաքին գործերի նախարարի կողմից ԱՄԴ- ի 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների կատարումն ապահովելու խնդրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին պաշտոնական դիմում ներկայացնելու փոխարեն, ՄԱԿ- իԱԽ- ինդիմելուերևութականությունստեղծելունպատակով, Հայաստանի արտգործնախարարությունն ԱՄԴ- ի հուլիսի 6-ի որոշման կապակցությամբ ս. թ. հուլիսի 11- ին հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է արել նաև «միջազգային մյուս դերակատարներին, և, մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ձեռնարկել բոլոր քայլերը՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման անհապաղ և արդյունավետ իրականացումը»։

Ընդգծում եմ, որ Հայաստանի ԱԳՆ վերոնշյալ հայտարարությունն ամենևին համարժեք չէ և չի փոխարինում ԱՄԴ-ի 2023 թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների կատարման ապահովման համար անհրաժեշտ ու նշված որոշումների կատարումն ապահովելու խնդրով այն պաշտոնական դիմումին, որը Հայաստանի (պետության) անունից վաղուց պետք է կազմված ու ներկայացված լիներ ՄԱԿ- ի ԱԽ- ին, և որը մինչ օրս ներկայացված չէ: Իրեն ուղղված հայտարարությունը կամ կոչը, ի տարբերություն պետության անունից ներկայացված պաշտոնական դիմումի, ՄԱԿ- ի ԱԽ- ի համար պարտավորեցնող չէ, դրա համար էլ ՄԱԿ- ի ԱԽ-ն մինչև օրս ԱՄԴ- ի որոշումների կատարումն ապահովելու համար որևէ քայլ չի կատարել:

Այսպիսով ստացվում է, որ Բերձորի (Լաչինի) միջանցքը վերաբացելու խնդրի լուծման բանալին Նիկոլի կամ նրա գլխավորած կառավարության ձեռքում է, սակայն նրանք չեն ուզում գործադրել այդ բանալին: Հետևաբար հրատապ անհրաժեշտություն է նրանց ստիպելը, որ դիմեն ՄԱԿ-ի ԱԽ- ին: Ինչպե՞ս…

( շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5501

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ